ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եկեղեցի-պետություն «համագործակցության» պտուղներն օր օրի աճող աղանդներն են»

«Եկեղեցի-պետություն «համագործակցության» պտուղներն օր օրի աճող աղանդներն են»
20.03.2009 | 00:00

«Եկեղեցի-պետություն «համագործակցության»
պտուղներն օր օրի աճող աղանդներն են»-Ի ՓՈՍՏԻՑ
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը բուռն բանավեճերի առիթ տվեց. եղան հասարակական քննարկումներ, մամլո ասուլիսներ, ինչպես և հրապարակումներ, օրինակ, «Իրավունքը de facto»-ի թիվ 14(74)-ում տպագրված Վահան Վարդանյանի հարցազրույցը Ղևոնդ քահանա Մայիլյանի հետ։ Հակադարձելով թղթակցի այն դիրքորոշմանը, թե «Եկեղեցին այնքան էլ արդյունավետ չի կատարում իր հոտին աղանդների ազդեցությունից զերծ պահելու առաքելությունը, պետությունն էլ առանձնապես չի աջակցում եկեղեցուն», հոգևորականն ասում է. «ԽՍՀՄ-ում բնակվող հայությունը պետության հարկադրանքով օտարվեց իր եկեղեցուց և ազգային արմատներից»։ Որ դա այդպես է, և նույնիսկ ավելին, ոչ ոք չի կարող վիճարկել ու չհամաձայնել Ղևոնդ քահանայի հետ, բայց որ այսօր առկա է «մեր եկեղեցու և պետության համագործակցությունը», ես միանշանակ բացառում եմ։ Որովհետև այդ «համագործակցությունն» այն ծառն է, որի պտուղներն օր օրի աճող աղանդներն են. «ի պտղոյ անտի ծառն ճանաչի»։
Որ պետության և Մայր եկեղեցու համագործակցությունը պարտադիր է, այն էլ պատշաճ մակարդակով, պետք է հասկանան բոլորը, ովքեր մտահոգ են Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագրով, որովհետև անուրանալի է Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում և նրա ազգային մշակույթի զարգացման ու ինքնության պահպանման գործում։
Ինքնության պահպանման հարցը հատկապես կարևորվեց 1915 թ. ցեղասպանությունից հետո։ Ահա այստեղ էլ իր բարձր առաքելությունն արժանավայել ձևով հանդես բերեց մեր եկեղեցին, շնորհիվ իր ժրաջան ու նվիրյալ հոգևորականների, չունենալով պետական աջակցություն, ոչ էլ նյութական միջոցներ, առաջնորդվելով բացառապես մեր եկեղեցու սուրբ խորհուրդներով։
Տեր հայրն ինձնից հարյուրապատիկ լավ գիտե, թե ինչպես Սիրիայի և Լիբանանի հայ գաղթօջախներում հայապահպանման և հայ մարդուն իր եկեղեցու գրկում պահելու խիստ անհրաժեշտ միջոց դիտվեց Հայ եկեղեցու խորհուրդների պարտադիր կատարումը, որոնցից ամենակարևորը ես համարում եմ «խորհուրդ ապաշխարությանն» ու «խորհուրդ հաղորդությանը» դպրոցականների շրջանում։
Այդ միջոցառումն իրականացնում էին դպրոցների տնօրեններն ու եկեղեցականները։
Նշեմ, որ յուրաքանչյուր հոգևոր կառույց այս կամ այն չափով քաղաքական կառույց է, որքան էլ որ, այսպես կոչված, «ժողովրդավարության ու խղճի ազատության» վերաբերյալ հոդվածներ լինեն տարբեր երկրների սահմանադրություններում այն մասին, թե այդ երկիրն աշխարհիկ է, և պետությունն անջատ է եկեղեցուց։
Կաթոլիկների ճիզվիտական դարավոր գործունեությունը եղել և մնում է որպես քաղաքական կառույց։ Այսօրվա վրաց եկեղեցու գործունեությունն էլ ունի այդպիսի քաղաքական ուղղվածություն, էլ չեմ խոսում աղանդների մասին, որոնք բացահայտորեն ֆինանսավորվում են օտար պետությունների կողմից։
Այս իմաստով Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցին միակն է աշխարհում, որն ազգային եկեղեցի է` ազգի գոյապահպանման իր նպատակներով։
Ելնելով վերոհիշյալից և մտահոգ ազգի համախմբման հարցերով` առաջարկում եմ.
-թաղապետարանները (գյուղհամայնքները) և այդ թաղապետարանների ենթակայության դպրոցների տնօրենները այդ համայնքի եկեղեցական դասի հայրերի հետ համագործակցելով և ընդօրինակելով արտասահմանցի մեր հայրենակիցների փորձը, ամեն ս. Ծննդյան և ս. Հարության տոների նախօրյակին մեր դպրոցականների համար ապահովեն Ապաշխարության և ս. Հաղորդության խորհրդի կատարում եկեղեցիներում։
Ինձ համար առայսօր այդ խորհուրդների կատարման պահերը հիշարժան և հոգեհարազատ օրեր են, երբ քահանան իր հրապարակային խոստովանանքի խրատն էր կարդում, իսկ մենք` ծնրադիր երեխաներս, ամեն անգամ, երբ ընդմիջվում էր հերթական խրատների շարքը, արտասանում էինք «մեղա Ամենասուրբ երրորդությանը»։
Դիմելով Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանին` հորդորում եմ. կատարեք այսպիսի կամ նման այլ միջոցառումներ և ինձ նմաններին համոզեք, որ, իրոք, կա այդ համագործակցությունը։ Այլապես մեր ղեկավարների` ս. Ծննդյան և ս. Հարության տոներին Էջմիածնի Մայր տաճարում հայտնվելն ու դրանից հետո տրվող ճոխ ճաշկերույթներին մասնակցելը կդիտվեն որպես անպտուղ ու անիմաստ համագործակցություն միայն։
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ